Անչափահաս տարիքում սեռական բռնության ենթարկված կինը դժվարությամբ հաղթահարելով տրավմաները, տարիներ անց ամուսնացել է, երեխաներ ունի, բայց այդ գործը դեռ դատարանում է: Ենթադրյալ բռնարարը մինչ օրս ազատության մեջ է, գործն էլ դատարանում քննվում է շուրջ տասը տարի: Վերջերս չորրորդ դատավորն է փոխվել:
Տաթևիկ Աղաբեկյանը ղեկավարում է 2015-ից Հայաստանում գործող «Սեռական բռնությունների ճգնաժամային կենտրոնը: Իրենց միակ շահառուն չէ այս կինը, որի հետ պատահածը դատարաններում քննվում է տարիներով: Վերջին տասը տարիներին կենտրոնը զբաղվել է սեռական բռնության 255 դեպքով, որոնցից միայն 86 տուժող է որոշել իրավական ճանապարհով գնալ: Գործերից 26-ը կարճվել է, իսկ դատարան է հասել ընդամենը 60-ը:
Մեկ տարի շարունակ կենտրոնն ուսումնասիրել է դատական բազմաթիվ գործեր: Օրերս հրապարակեցին մշտադիտարկման արդյունքները: Ներկա դատավորներից մեկը, որ հրաժարվեց տեսանկարահանվել, ասաց՝ դատավորները ծանրաբեռնված են ու դա իրենց ընտրությունը չէ: Ըստ նրա՝ եթե գործով դատավոր է փոխվում, օրենքի պահանջով, գործը սկսում է սկզբից ուսումնասիրել, ու սա նույնպես երկարացնում է քննությունը:
Տաթևիկ Աղաբեկյանը հարցնում է. - «Լավ, 2-3 տարի, էլի խելամիտ ժամկետ է, բայց ութ տարի՞, ինը՞, տասը՞»:
Հայաստանում սեռական բռնության գործերով դատավարություններն այսօր արդեն ընթանում են դռնփակ դահլիճներում՝ ներկա են միայն տուժողը, մեղադրյալն ու փաստաբանները: Այդպիսի գործեր քննող դատավորը, որ հրաժարվեց կադրում երևալ, ասաց՝ ինքն, օրինակ, տուժողի ցուցմունքի ընթացքում, մեղադրյալին դահլիճից դուրս է հրավիրում, ներսում գտնվող նրա փաստաբանն ու հենց տուժողը դրսից կարող են լսել ցուցմունքը, բայց կնոկրետ մեղադրյալը չի առերեսվում տուժողի հետ: Դատավորներից ոմանք նաև հեռավար քննություն են իրականացնում:
Սակայն, ըստ կենտրոնի մշտադիտարկման, անգամ դռնփակ նիստերից հետո «Դատալեքս»-ում հրապարակվում են տուժողի ու մեղադրյալի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք և գործի մանրամասները: Սա, ըստ նրանց, շարունակում է խախտել տուժողի իրավունքները և ավելացնում երկրորդային վնասի ռիսկը։
Ըստ կենտրոնի ներկայացուցիչների՝ դեռ լուրջ խնդիր է դատավորների և քննիչների կողմից հարցադրումների մեղադրական տոնն ու կողմնակալ մոտեցումները, որոնք լրացուցիչ ճնշում են տուժողների վրա։
Ըստ Տաթևիկ Աղաբեկյանի՝ սեռական բռնության գործերով դատավարական մշակույթը Հայաստանում փոխվում է, բայց փաստերը վկայում են՝ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Նրան չեն համոզում պաշտոնյաների այն պնդումները, թե ոլորտում դրական փոփոխությունները պրակտիկայում կիրառվում են: Սեռական բռնության ենթարկված կինը Հայաստանում մենակ է մնում իր խնդրի հետ, ասաց նա:
Միջոցառմանը ներկա մՄրդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունեց՝ ի թիվս մի շարք դրական փոփոխությունների՝ դեռ շատ բացեր կան . - «Հատկապես եթե օրինակ, խոսքը ընտանիքում սեռական բռնությանն է վերաբերում, թե՛ մասնագետները, թե՛ մասնագիտական համայնքը, թե՛ շատ դեպքերում իրավասու մարմինները, որոնք պետք է այս հարցերով զբաղվեն, չեն պատկերացնում զգայնությունը թեմայի, չեն ճանաչում այս դեպքերում բռնությունը, ինչը միանշանակ խնդրահարույց է այս երևույթների դեմ պայքարի տեսանկյունից»:
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Զարուհի Բաոթայնը Քննչական կոմիտեից ստացած թվերը հրապարակեց՝ 2023-2024 թվականներին սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով նախաձեռնվել է 240 քրեական վարույթ, որոնց շրջանակներում քրեական գործ է հարուցվել 90 անձի նկատմամբ, սա 37.5 տոկոսն է: Իսկ դատարան է ուղարկվել 60 քրեական գործ, սա էլ 25 տոկոսն է:
Բաթոյանը, մտահոգիչ համարելով այս թվերն, այդուհանդերձ հիշեցնում է, որ նաև իր ջանքերով Ընտանեկան օրենսգրքում որոշ փոփոխություններ են արվել. - «Կային հոդվածներ, որոնց դեպքում հանցագործության պարագայում, պատիժը կարող էր սահմանվել նույն կարգավիճակով, ինչ, օրինակ, անծանոթի դեպքում: Մենք բազմաթիվ հոդվածներում դրանք վերանայել ենք, արդեն ծանրացնող հիմքեր են սահմանվել հենց զուգընկերոջ, ամուսնու, նախկին ամուսնու համար, այսինքն, այն մարդկանց, ովքեր կարող են ներառվել ընտանեկան բռնության շրջանակում»:
Փորձագետները նկատում են՝ Հայաստանը շարունակում է մնալ այն երկրների ցանկում, որտեղ հանրությունը, իրավապահ մարմինները դեռ չեն կարեկցում սեռական բռնության զոհերին, իսկ դատարաններում այսպիսի գործերն առաջնահերթության կարգով չեն քննվում: