Մատչելիության հղումներ

Չնայած ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային որոշմանը՝ Ռոմանոս Պետրոսյանն ընկերության ղեկավար կազմում նոր նշանակումներ է արել


Չնայած Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) կառավարման մարմինների անդամներին չփոխելու արբիտրաժային պահանջին՝ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն ընկերության ղեկավար կազմում նոր նշանակումներ է արել, ինչպես խոստացել էր մի քանի օր առաջ:

Պետրոսյանը հրապարակել է ղեկավար կազմի նոր անդամների անունները, որոնց շարքում ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին իշխանությունների հետ առնչվող դեմքեր կան: Ժամանակավոր կառավարչի առաջին իսկ աշխատանքային օրը հեռացված Դավիթ Ղազինյանի փոխարեն իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը, որին Պետրոսյանը շատ հակիրճ է ներկայացրել՝ պետական կառավարման համակարգում և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա աշխատանքի փորձ ունի: Պետական վերահսկողական ծառայության նախկին պետը նույնությամբ է ներկայացրել նաև մյուս երեք նոր ղեկավարներին:

Օհանեսյանը վերջին հինգ տարիներին պետական «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենն էր, որն այժմ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինն է գլխավորում:

Նրա սոցցանցային գրառումները ցույց են տալիս՝ իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի: Այս հունվարին հիմնադրամից հեռանալու մասին հրապարակման տեքստում նա երախտիքի խոսքեր չէր խնայել ուղղված վարչապետ Փաշինյանին և այլ իշխանականներին:

Աշխատանքային փորձի մասին Ֆեյսբուքում հրապարակած տեղեկություններում էներգետիկ ոլորտում գործունեության մասին ոչինչ չգտանք: Մինչ պետական կառույց տեղափոխվելը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Պեժո Արմենիա», «Քոլգեյթ» և «Օրանժ» ընկերություններում:

Երեկ երեկոյան էլ նշանակման համար շնորհակալություն հայտնեց արդեն իր նոր ղեկավարին. - «Այս տարիների ընթացքում վերազգային ընկերություններում և պետական համակարգում ձեռք բերած կառավարման փորձն ու մոտեցումները պատրաստակամությամբ կուղղեմ ՀԷՑ-ի գործունեության շարունակական զարգացման և արդյունավետության բարելավմանը»:

Հայաստանի էլեկտրական ցանցերի էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի պաշտոնն էլ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ Արմեն Շահնազարյանը կզբաղեցնի: Նա, ի դեպ, նախկին իշխանությունների կադրերից է, Հանրապետական կուսակցության անդամ է եղել, 2001-ից կառավարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ 2015-ին հասնելով Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին: 2017-ին էլ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության խորհրդի նախագահ է նշանակվել:

ՀԷՑ-ը նաև անվտանգության և վերահսկողության նոր տնօրեն ունի, այդ պաշտոնում Դավիթ Սարգսյանն է նշանակվել, նրան նույնականացնել չհաջողվեց: Երևանի էներգաիրացման սպասարկման տնօրենն էլ այսուհետ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արման Սմբատյանն է, նա, ինչպես իր ղեկավարը, ՀԷՑ է տեղափոխվել Պետական վերահսկողական ծառայությունից: Նրա էջը հեղեղված է ՔՊ-ականների շնորհավորանքներով:

Ընկերության ժամանակավոր կառավարիչը երեկ ուշ երեկոյան «հագեցած օրվա ամփոփում» վերնագրով տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում են նաև նոր նշանակված պաշտոնյաները:

Պետրոսյանը շարունակում է պնդել՝ նպատակ ունեն կանխարգելել միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերը

Ռոմանոս Պետրոսյանն ու կառավարությունը շարունակում են պնդել՝ նպատակ ունեն նաև կանխարգելել միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերը: Ինչպե՞ս են իշխանությունները նման պնդում անում, երբ համապատասխան վարույթը, որն էլ պետք է քննի ընկերության խախտումները մի քանի օր առաջ է հարուցվել, փաստական հիմքեր ունի՞ կառավարությունը նման պնդում անելու համար. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանից նախօրեին հստակ պատասխան չստացանք:

Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունից պահանջել է ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ, իսկ եթե նշանակվել է, թույլ չտալ նրան գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին: Արբիտրը նաև պահանջել է չկասեցնել ընկերության լիցենզիաները ու որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի սովորական բիզնես գործառնությունները: Իշխանությունները պնդում են՝ արբիտրի որոշմանը կարող են չենթարկվել, պարտադիր կատարման համար այն պետք է հաստատվի հայաստանյան դատարանի կողմից:

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները հայտարարեցին նրան պատկանող ՀԷՑ-ն ազգայնացնելու գործընթացի մասին, անցած շաբաթ, սակայն, վարչապետը չբացառեց՝ պետականացումից հետո ընկերության կառավարումն իշխանությունները հնարավոր է այլ կազմակերպության պատվիրակեն:

«Այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, պետությունը և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ հետգնման այդ գործընթացից հետո կամ էդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի...», - նշել է վարչապետը:

Կան նախընտրելի ընկերություններ, թե ոչ դեռ հայտնի չէ. երեկ լրագրողները ՀԷՑ գլխավոր մասնաշենքում «Ջի Թի Բի» ընկերության համասեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանին են հանդիպել:

Ավելի ուշ ընկերության համասեփականատերը ֆեյսբուքյան գրառմամբ պնդեց՝ ՀԷՑ-ի բաժնեմասեր ձեռք բերել չի պատրաստվում, ոչ էլ որևէ կապ ունի Էլեկտրական ցանցերի հետ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր փեսան, սակայն, իր հրապարակման մեջ չբացատրեց՝ այդ դեպքում ի՞նչ գործ ուներ ընկերության գլխավոր մասնաշենքում:




XS
SM
MD
LG