Մատչելիության հղումներ

«Չէր կարող ինքնասպանություն գործել». Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել


ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայող Մովսես Պողոսյանը 18 տարեկան էր, Վեդի քաղաքից: Նրան երեկ մահացած են գտել:

Քննչականն արդեն քրեական գործ է հարուցել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Գործով դեռ մեղադրյալ չկա: Թե ո՞վ կամ ովքե՞ր են երիտասարդ զինվորին դրդել նման ծայրահեղ քայլի, իրավապահները չեն մանրամասնում:

Քննչական կոմիտեից առայժմ փոխանցում են, որ կատարվում են քննչական գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարազատները, որ ուժ չունեին խոսելու, «Ազատությանը» միայն ասացին՝ տղան չէր կարող ինքնասպան լինել:

«Շատ փորձ ունեցել ենք, երբ որ դրանով [ինքնասպանություն] է գնացել ու շատ, օրինակ, գործին վերաբերելի նյութեր չեն էլ կցվել նյութին, որովհետև քննիչը կամ դատախազը համարել են, որ սա չի տանում իրենց վարկածին», - ասաց իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:

Վերջին երեք ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է ԱԱԾ զորքերում: Ապրիլին 19-ամյա ևս ժամկետային զինծառայող էր մահացել, ըստ ԱԱԾ-ի, իրեն ամրակցված զենքից:

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը նկատում է, որ երբեմն իրավապահները հենց սկզբից ինքնասպանության վարկածն են շրջանառում ու այդպես էլ մինչև վերջ քննությունը տանում միայն այդ ուղղությամբ: Ինչո՞ւ. քանի որ դրանով փորձում են գծել իրենց ուզած սցենարը:

«Սա հիմնականում տեղի է ունենում, որովհետև ունենք կոռումպացված համակարգ, սրանով քննիչը կարողանում էր գործից դուրս թողնել այն մարդուն, ով իրական մեղավորն էր գործի, կամ արհեսատականորեն կառուցել գործը նենց, որ իրենց պետք եկած մադուն կարողանան գործի մեջից հանել: Եթե նայենք էդ տրամաբանությունից, թե ինչի համար կարող է դա արվի, սա է, որպեսզի ենթադրենք, հարմար մի գործ կանեն, որ որևէ մեկը մեղավոր չէր, կամ եթե անգամ մեղավորության ինչ-որ մասնաբաժին էլ կա, թեթև բանով պրծներ», - նշեց Խաչատրյանը:

«Ամիսների տարբերությամբ կրկնվող մահվան դեպքերը թերի վերահսկողության մասին են վկայում»

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ուշադրություն է հրավիրում երկու խնդրի վրա՝ հրամանատարական վերահսկողության թերացումները, ինչպես նաև առավել փակ ռեժիմով ԱԱԾ զորքերում տեղի ունեցող երևույթները չբարձրաձայնելը:

«Գործ ունենք վերահսկողության բացակայության հետ առաջին հերթին», - ընդգծեց նա:

Մովսեսյանն ասում է՝ միայն ծանրակշիռ քննությունը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները. - «Արդյոք եղել է հրամանատարի վերահսկողություն նշված զորամասում, նշված սահմանապահ զորքերում ու եթե չի եղել, ինչու չի եղել: Այսինքն՝ քննությունը պետք է պարզի այս բոլոր հարցերը ու վերլուծելով այդ հարցերի պատասխանները, փորձի հետագայում կանխել, նվազագույնի հասցնել ու ընդհանրապես հնարավորության դեպքում վերացնել նման դեպքերը»:

ԱԱԾ զորքերը, որտեղ զորակոչվում են նաև պարտադիր զինվորական ծառայություն անցնողները, առավել խիստ ու փակ ռեժիմով են գործում: Այս դեպքում զինվորը գտնվում է ոչ թե Պաշտպանության նախարարության, այլ՝ հենց ԱԱԾ զորքերի հսկողության ներքո: Ամիսների տարբերությամբ կրկնվող մահվան դեպքերը թերի վերահսկողության մասին են վկայում, կարծում է Մովսեսյանը:

«Իրավիճակն իրականում ավելի բարձիթողի է սահմանապահ զորքերում, որովհետև այնտեղի մասին տեղեկատվությունը շատ ավելի քիչ է, ավելի փակ համակարգ է ԱԱԾ սահմանապահ զորքերը ու նշանակում է՝ խնդիրները շատ հավանական է, որ նույն ձևով կրկնվում են ինչպես Զինված ուժերում Պաշտպանության նախարարության, այնպես էլ այնտեղ ու չեն բարձրաձայնվում», - ասաց նա:

Փակ ռեժիմն առավել ակնառու է ԱԱԾ զորքերի դեպքում: Իրավապաշտպանն ասում է, որ մահվան դեպքերից հետո չեն կարողանում տվյալներ ստանալ գործերի քննությունից, իսկ գաղտնապահության պատճառով խնդիրները մնում են չլուծված:

«Այն դեպքերում, երբ որ չկա թափանցիկություն, բնականաբար, հաշվետվողականության մասին խոսելն ավելորդ է, որովհետև դեպքերը մնում են ծածկված, քրեածին բոլոր տարրերը մնում են պատասխանատվության չենթարկված իր բոլոր հետևանքներով: Նման դեպքերը արդեն հավանականություն ունեն կրկնվելու նորից ու նորից», - նշեց Մովսեսյանը:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեային» Վանաձորի գրասենյակի տվյալներով, Մովսես Պողոսյանն 12-րդ զինվորն է, որ զոհվել է այս տարվա յոթ ամիսների ընթացքում խաղաղ պայմաններում: 4 ինքնասպանություն, 2 սպանություն, 1 ավտովթար, 3 մահվան դեպք առողջական խնդիր պատճառով, երկուսն էլ՝ դժբախտ պատահարի հետևանքով:




XS
SM
MD
LG