Մատչելիության հղումներ

Մակրոնը հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին


Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ
Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ

Ֆրանսիան մտադիր է սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, ճանաչել Պաղեստին պետությունը՝ հույս ունենալով խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը։

Նրա այս նախաձեռնությունն արժանացել է Իսրայելի և ԱՄՆ-ի խիստ քննադատությանը։

Մակրոնը իր որոշման մասին հայտնել է X սոցիալական ցանցում՝ հրապարակելով նամակ, որը հասցեագրված է Պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբասին։ Նամակում հաստատվում է Ֆրանսիայի մտադրությունը՝ առաջ շարժվելու Պաղեստինի ճանաչման հարցում և փորձելու համոզել այլ երկրների նույնպես միանալ այդ գործընթացին։ Նման կերպ Ֆրանսիա կդառնա առաջին խոշոր արևմտյան երկիրը, որը կճանաչի Պաղեստին պետությունը։ Մինչ այժմ նման որոշում ընդունել են հիմնականում փոքր և Իսրայելի նկատմամբ ավելի քննադատական դիրքորոշում ունեցող երկրներ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, քննադատելով դաշնակից պետության և G7 խմբի անդամ Ֆրանսիայի որոշումը, նշել է, որ «այս քայլը պարգևատրում է ահաբեկչությունը և վտանգ է ներկայացնում՝ ստեղծելով ևս մեկ իրանական դաշնակից տարածաշրջանում»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես կոշտ է արձագանքել Մակրոնի նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը «լիովին մերժում է» այդ պլանը:

Պաղեստինյան իշխանության փոխնախագահ Հուսեյն Ալ Շեյխը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ Մակրոնի որոշումը որակելով որպես հավատարմություն միջազգային իրավունքին»։

Հայաստանը հունիսին ճանաչել էր Պաղեստին պետությունը՝ արժանանալով Իսրայելի քննադատությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG