Վանաձորի փողոցներում 5 էլեկտրական ավտոբուսներից 3-ը շարունակում են կանգնած մնալ՝ ինչպես մեկ տարի առաջ: Հուլիսի սկզբին միայն երկու ավտոբուս է գործարկվել բավականին կարճ երթուղիով՝ Տարոն-4 թաղամասից մինչև հանրախանութ: Քաղաքապետարանը խոստանում է՝ մոտ ժամանակներս ևս երկուսը կգործարկվեն:
Ինչո՞ւ են հապաղում. Քաղաքապետի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանն ասում է՝ լիցքավորիչները դեռ տեղադրված չեն: Խոսքը մեկ տարի առաջ Վանաձոր հասած լիցքավորիչների մասին է, որոնք առանց միացվելու «հանգստանում» են նախկին մանկատան շենքի բակում:
Լիցքավորիչների տեղադրված չլինելու պատճառաբանությունը դեռ 4,5 ամիս առաջ էր հնչում քաղաքապետարանից: Իսկ որտե՞ղ են լիցքավորվում գործող երկու ավտոբուսները: Մամուլի խոսնակի պնդմամբ՝ քաղաքից դուրս, երկար ճանապարհ են անցնում ավտոբուսները: Այդ պատճառով էլ չեն կարող բոլոր 5-ը շահագործել:
Բայց իրականությունն այլ է: «Ազատությունը» քաղաքի ներսում՝ Տարոն 3 թաղամասում գտնվող սննդի կետերից մեկի մոտ հայտնաբերեց այն երկու լիցքավորիչները, որտեղ ժամանակավորապես լիցքավորվում են գործող երկու ավտոբուսները:
Սննդի կետում աշխատակիցները հաստատեցին, քաղաքի ավտոբուսներն այդտեղ են լիցքավորվում: Այս դեպքում հարցը բաց է մնում՝ ինչո՞ւ համայնքապետարանն ավելի արագ քայլեր չի ձեռնարկում ավտոբուսները փողոց հանելու համար:
Վանաձորցի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոբերտ Աղազարյանը, որ վերջին ամիսներին իր ֆեյսբուքյան էջում վարչապետին ու կառավարությանը մեծարող հրապարակումներին զուգահեռ ակտիվորեն քննադատում է տեղի իշխանություններին, կասկածներ ունի, թե քաղաքապետարանի աշխատակիցները, այդ թվում՝ պաշտոնյաներն այստեղ շահեր ունեն: Էլեկտրական ավտոբուսները չգործարկելու մի քանի հավանական պատճառ է նշում, որևէ մեկը համայնքապետարանի օգտին չէ:
«Կա՛մ չեն ցանկանում, կա՛մ գիտակցորեն ձգձգում են, քանի որ ավտոբուսը, բնականաբար, փոխարինելու է մի քանի «Գազել»-ի ու այստեղ գծատերերի խնդիր կա, գումարի խնդիր կա», - ասաց նա:
Եվրամիությունը դեռ 5 տարի առաջ 4 միլիոն եվրո էր տրամադրել Վանաձորն ու Գյումրին նոր ավտոբուսներով, աղբի վերամշակման հաստոցներով ու փողոցները մաքրող մեքենաներով ապահովելու համար: Մեկ տարի առաջ ամբողջ գույքը հասել է քաղաքներ: Այս տարվա մարտի 5-ին Վանաձորի ավագանու երկար սպասված նիստը գումարվեց՝ գույքը հանձնվեց համայնքներին: Ձևավորվեց համայնքային կազմակերպություն, որը «Գազել»-ների գծատերերին պիտի փոխարիներ: Թվում էր՝ հաջորդ օրն իսկ ավտոբուսները դուրս կգան փողոց՝ ուրախացնելու գազելներից հոգնած ուղևորներին: Բայց չեղավ:
Թեև քաղաքապետարանից վստահեցնում են, որ կարճ ժամանակ անց եվրամիությունից ստացած լիցքավորիչները պատրաստ կլինեն, բայց այսօրվա դրությամբ տեղում միայն հոսանքի անցկացման փորվածք կար: Եվրամիության ծրագրով նախատեսված տոմսային համակարգն էլ չի գործում: Ուղևորները շարունակում են վարորդին վճարել:
Թե ո՞վ է դեռ մարտին ձևավորված համայնքային կազմակերպության տնօրենը, համայնքապետարանից այդպես էլ անուն չտվեցին: Համայնքապետի որոշումներում ևս տնօրենի նշանակման մասին որևէ տեղեկություն չկա: